Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Մանրամասներ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Մանրամասներ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին, 20:00-ի սահմաններում կազմակերպությունը ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 9 երիտասարդներ՝ այդ թվում մի քանի ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր) ակտիվիստներ, ենթարկվել են հարձակման:

Տուժողները պատմել են, որ դեռևս ապրիլի 21-ին Գորիսում զբոսնելիս երկու տղամարդ կանգնեցրել են ԼԳԲՏՔ երկու ակտիվիստի՝ Է.-ին և Հ.-ին, ճանաչելով Հ.-ին, հարվածել են նրան, ինչի արդյունքում Հ.-ի քթից արյուն է եկել: Այնուհետև մյուս ակտիվիստին ասել են, որ չշփվի «նման կողմնորոշում» ունեցող մարդու հետ: Այս դեպքի առիթով տուժողները հաղորդում էին ներկայացրել Գորիսի ոստիկանություն, սակայն մինչ օրս գործով որևէ զարգացում հայտնի չէ:

Օգոստոսի 2-ին Հ.-ն Է.-ին և ևս յոթ ընկերների հյուրընկալել էր Գորիսի մոտակայքում գտնվող Շուռնուխ գյուղի իրենց տանը: Նույն օրը տեղի բնակիչները տան ուղղությամբ նետել են քարեր, ճայթուցիկներ, անվադողեր:

Օգոստոսի 3-ին ժամը 20:00-ի սահմաններում Գորիսում հարձկված երկու երիտասարդները եկել են Հ.-ի տան մերձակայք ու նրան ագրեսիվ տոնով դուրս հրավիրել` «խոսելու»: Հ-ն և նրա հյուրերը նկատել են, որ շրջակայքում պատսպարված են եղել նաև տասնյակ մարդիկ: Հ.-ն տանից դուրս չի եկել. միջամտել են նրա եղբայրն ու հայրը: Ինչ-որ պահի բոլորը դուրս են եկել տնից ու սկսվել է լեզվակռիվ: Երկու տղամարդկանց են միացել  պատսպարվածները և այլ գյուղացիներ՝ ավելի քան 30 հոգի, ու բռնության ենթարկել Հ.-ին և նրա հյուրերին՝ հարվածել են  ոտքերով, ձեռքերով, հրել են զառիվայրից, քարեր են նետել նրանց ուղղությամբ՝ բղավելով «գոմիկներ հեռացե՛ք», «դուք թուրք եք» և հայհոյախառն արտահայտություններ՝ կապված Հ.-ի և նրա հյուրերի իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ: Տուժողները 20:25-ի սահմաններում ահազանգել են ոստիկանություն:

Տուժողները ստիպված փախել են դեպի մայրուղի, սակայն նրանց հետապնդել են՝ ընթացքում շարունակելով ծեծի ենթարկել: Տուժողները փորձել են մեքենա կանգնեցնել օգնություն խնդրելու համար: Հարձակվողները կանգնող մեքենաներին թույլ չեն տվել օգնել տուժողներին, ասելով.  «սրանց մի՛ տարեք, սրանք գոմիկներ են»: Ինչ-որ պահից, գյուղի վերջնամասում նրանք դադարել են հետապնդել տուժողներին:

21:30-ի սահմաններում տուժողները, որոնք դեռ փորձում էին օգնություն գտնել անցնող մեքենաներից, հանդիպել են դեպի իրենց շարժվող ոստիկանական մեքենային: Ոստիկանները առաջարկել են հետ վերադառնալ գյուղ՝ պարզաբանումներ անելու: Սակայն տուժողները հրաժարվել են՝ խնդրելով իրենց տանել Գորիս: Ի վերջո ոստիկանը կանգնեցրել է պատահական ավտոբուս, որով նրանք տեղափոխվել են քաղաք:

Տուժածներից 6-ը տեղափոխվել են հիվանդանոց՝ միջին և թեթև մարմնական վնասվածքներով: Նրանցից 2-ին առաջին բուժօգնություն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ բաց վերքեր չունեն:  Իսկ տուժածներից  երկուսին, որոնք ունեցել են առավել ծանր վնասվածքներ, առաջին  բուժօգնություն տրամադրվել է վճարովի հիմունքներով:

Տուժածները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին ոստիկանության Գորիսի բաժնում, տվել են համապատասխան բացատրություն դեպքի առնչությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք նաև, որ ՄԻՊ-ը տեղեկացվել է դեպքի մանրամասներին, սակայն տուժողներից որևէ մեկի հետ կապի չի հաստատել: Երեկ երեկոյան, համաձայն ՄԻՊ-ի ֆեյսբուքյան գրառման, նրանք կապ են հաստատել ոստիկանության հետ:

Բոլոր տուժածներն այժմ գտնվում են ապահով վայրում:

Գործի ընթացքի մասին կտեղեկացնենք մեր հետագա հրապարակումներում:

Նշենք նաև, որ տուժողներից են Փինք Արմենիայի երկու աշխատակից և կազմակերպության խորհրդի մեկ անդամ: